Հայերեն   English   Русский  

Բիզնես միջավայր ու տնտեսական քաղաքականություն.


Քննարկում բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում


  
դիտումներ: 4817

Գյուղմթերքի վերամշակման շուկան Հայաստանում այսօր չի օգտագործում իր ամբողջ պոտենցիալը: Կաթարտադրողները, օրինակ, բողոքում են կաթի ցածր գնից,

կաթը փչանում է շուկա չհասած, այնինչ պանրի շուկայում դեֆիցիտ կա, ո՞րնէ պատճառը և ինչպե՞ս կարելի է լուծել նմանատիպ խնդիրները: Բարեփոխումների հանրային նախաձեռնությունում այս շաբաթ քննարվել է տնտեսական քաղաքականությունը և բիզնես ոլորտը:

Հայաստանի տնտեսության մեջ առկա խնդիրները շատ են ու անհապաղ լուծում պահանջող. Արձանագրում են բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում հավաքված գործարարները եւ տնտեսագետները: Խնդիրներ կան, որ անհապաղ լուծում են պահանջում: Ամենից մեծ բացթողումը, որ մատնանշում են տարիներ շարունակ ագրարային հստակ քաղաքականության բացակայությունն է: Չկան թիրախներ, որոնք հաշվի առնելով, պետք է աշխատել:

՛՛ Եթե մենք խոսենք բիզնեսի զարգացման մասին ու անտեսենք այն սպառնալիքները, որ կան բիզնեսում, դա կարճատեսություն կլինի: Չենք կարող զարգացնել տնտեսություն՝ զուգահեռ ունենալով տնտեսական անվտագությանը սպառնացող խնդիրներ: Ճանաչելի պետք է լինի տնտեսությունը, բայց ոչ ոք չի կարող ասել ի՞նչ է իրենից այսօր ներկայացնում տնտեսությունը Հայաստանում: Մենք ինչ ծրագիր էլ գրում ենք , գրում ենք վերացական: Մարդկային ռեսուրսը, որ պետք է իրագործի՝ դա գործարարներն են, ինժիներն են ... հաշվառված չէ, չկա՛՛,- ընդգծում է տնտեսագետը:

Հայաստանի շուկան փոքր է, բայց մեծ պոտենցիալ ունի: Հատկապես, եթե խոսքը գնում է գյուղմթերքի շուկայի մասին: Աշխարհում այսօր սննդամթերքի դեֆիցիտ կա: Հայկական գյուղմթերքը, որ համարվում է բիոսնունդ կարող է լրացնել այդ բացը եւ Հայաստանի տնտեսության զարգացման խթան հանդիսանալ: Սակայն, արտահանման փոխարեն մենք ներկրում ենք դրսում աճեցված, հաճախ, անորակ միրգ եւ բանջարեղեն:

ՀՀ արտահանողների միության նախագահ Ռաֆի Մխչյանի կարծիքով խնդրի լուծման եղանակ կարող է դառնալ ֆերմերային, կոլեկտիվ տենտեսությունների զարգացումը: Ճիշտ մենջմենթ է պետք: Պետք է վերանայել համակարգը եւ ստեղծել պայմաններ, որ հարմար կլինի բոլորին: Աշխարհում ընդունված օրինակներով է խոսում: Գյուղմթերողը մթերքը գնում է, ոչ թե գյուղացուց այլ միջնորդից, որը տեսակավորում եւ ճիշտ տեղաբաշխում է բերքը: Հայաստանում պատկերը այլ է: Գյուղմթերողը փորձում է էժան գնել, գյուղացին թանկ վաճառել:

՛՛Մենք ունեինք հսկայական տնտեսություն, որը ոչնչացավ: Այսօր ստիպված ենք զրոյից սկսել այն կառուցելու գործընթացը: Մենք կարողացել ենք միասնաբար հեղափոխություն անել, բայց պետք է սովորենք նաեւ կոլեկտիվ աշխատել: Մեր ֆերմերները պետք է հասկանան, որ միակ լուծումը ստեղծված իրավիճակում կոոպերատիվն է: Հիմնական խնդիրը Հայաստանում աշխատանքի ճիշտ կարգավորումն է, տնտեսվարողը չպետք է մտածի արտահանման եւ այլ խնդիրների մասին, պետք է գործի մեկ պատուհանի սկզբունքը եւ բոլոր հարցերը լուծվեն ըստ այդմ՛՛,- կարծիք է հայտնում Ռաֆֆի Մխչյանը:

՛՛Հայաստանը ոչ թե, ինչպես նախարարությունում են ասում, 60-70, այլ՝ 120-130 տոկոսով ինքնաբավ է հացահատիկի առումով, սակայն, մենք ոչ միայն չենք արտահանում, այլեւ ներկրում ենք: Ու նաեւ ինչ խնդիր ենք այստեղ հայտնաբերո՞ւմ: Գյուղացուց կոպեկներով գնված հացահատիկը խառնում են այլ երկրներից թանկ ներկրված ապրանքի հետ եւ վաճառում նույն գնով: Թացն ու չորը իրար են խառնում… ասում են համաշխարհային շուկայում գները բարձրացել են, ՛՛- ավելացնում է Թաթուլ Մանասերյանը ու ավելացնում՝ հացահատիկի ռեզերվներ են անհրաժեշտ: Հայաստանը պատերազմական վիճակում է, գուցե մի օր դա մեզ համար կենսական անհրաժեշտություն դառանա: Տնտեսագետ Բաբկեն Թունյանն էլ տնտեսական քաղաքականության մեջ կարեւորագույն խնդիրը շարունակականության պահպանումն է համարում:

՛՛Տնտեսական քաղաքականությունը այսօր հետին պլան է մղված եւ շեշտը դրված է քաղաքական գործընթացների վրա: Կարեւրոագույն խնդիրը տնտեսական քաղաքականության մեջ ցնցումներ թույլ չտալն է՛՛,- ընդգծում է նա:

Պահածոյագործների եւ հյութարտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանը Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում հնչած տեսակետների հետ համակարծիք է, տնտեսության խնդիրներին համակարգային մոտեցում է անհրաժեշտ: Հայաստանում ամենամեծ պոտենցիալ ունեցող ճյուղերից է նաեւ գյուղմթերքի վերամշակումը: Այսօր, սակայն, չենք կարողանում լիարժեք օգտագործել այդ պոտենցիալը, որովհետեւ հումքի եւ արտադրության հետ կապված խնդիրներ կան:

՛՛ Կաթ արտադրողները, օրինակ, բողոքում են, որ իրենց ապրանքը էժան է իրացվում, բայց մենք հանրապետությունում պանրի դեֆիցիտ ունենք, չկան գործարաններ, որտեղ կվերամշակվի կաթը: Հայկական պահածոն էլ արտերկրում մեծ պահանջարկ ունի: Քանակ, սակայն, չենք կարողանում ապահովել: Գործարանների մեծ մասը աշխատում է 70-80-ականների սարքավորումներով: Ես բազմիցս դիմել եմ գյուղնախարարներին պետական միջոցներով նոր սարքավորումներ ձեռք բերելու հարցով, քանի որ պետությունը պետությունից կարողանում է շատ ավելի էժան ձեռք բերել սարքավորումները , քան անհատ բիզնեսմենը : Հարցը, սակայն, այդպես էլ լուծում չի ստանում՛՛,- ընդգծում է Երվանդ Թարվերդյանը և ավելացնում տնտեսության ու բիզնեսի զարգացման հարցում , այսօր, հատկապես, հետեւողական ու ակտիվ պիտի լինի պետությունը: Մեր նախարարությունները, սակայն, ֆունկցիոնալ չեն, լծակներ չունեն: Այսօր գործարարները նախարարությանը խնդրում են ոչ թե օգնել իրենց, այլ՝ չխանգարել:

Հայ կենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Աշոտ Սաղյանն էլ Հայաստանի տնտեսության զարգացման հիմքում գիտական արտադրանքի պոտենցիալն է տեսնում:

՛՛ Պետք է առաջին հերթին վերանայել գիտական ուղղությունները: Հայաստանի տնտեսության զարգացման հիմքը իմ կարծիքով գիտատեխնիկական առաջընթացն է: Այսօր Հայաստանում չկա գործարան, չկա արտադրություն: Պետք է ճիշտ պետական մոտեցում եւ պետական քաղաքականություն: Քանի որ առանց գիտության տնտեսությունը զարգացնելու քաղաքականությունը դատապարտված է լինելու՛՛,- ասում է:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում քննարկումը շարունակվում է մի քանի ժամ: Տնտեսագետներն ու գործարարները շատ հարցերի մասին են բարձրաձայնում, որոնց պատասխաններն էլ ունեն: Հենց ոլորտի ներկայացուցիչների մոտ է բանալիները, որոնք տնտեսության զարգացման դռները կբացեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: