Հայերեն   English   Русский  

​Դուք ապրեք, որ ես էլ ապրիմ. գյումրեցի տանկիստը, տեսանյութ


  
դիտումներ: 2394

Տիգրան Աբգարյան

Հոկտեմբերի 14-ին տանկիստ Տիգրան Աբգարյանի ծննդյան առթիվ ծնողները, ավանդույթի համաձայն, օրը սկսեցին իրենց բակի ընկուզենու բերքահավաքով: Տիգրանն էլ էր ամեն տարի իր ծննդյան օրը ընկուզենու բերքը հավաքում ու բաժանում: Ապրիլյան քառօրյայի նահատակի ծնունդն այս տարի էլ բացառություն չէր, միայն թե, ընկուզենու ճյուղերը, Տիգրանի փոխարեն եղբայրն ու ընկերներն էին թափահարում:

2016-ի ապրիլին, 321-րդ տանկի անձնակազմը, երեք զինվոր, կյանքի ու մահվան կռիվ է տվել: Բենիամին Եղոյանը, ում մանկուց Մոնթե էին կոչում, տանկի հրամանատարն է եղել, Վլադիմիր Ալիխանյանը արկերն էր կրակում, և գյումրեցի Տիգրան Աբգարյանը, տանկիստը: Նրանք երեքով, հակառակորդի դեմ մարտում, նույն տանկի մեջ, հայրենիքի անառիկությունն էին պահում: Ապրիլյան սրացումներին զոհ է գնում նաև Տիգրանը:

Տիգրան Աբգարյան

Հերոսի 22-ամյակը համախմբել էր ապրիլյան գործողությունների գյումրեցի մասնակիցներին, զոհվածների ծնողներին ինչպես Գյումրիից, այնպես էլ Լոռիից ու Արագածոտնից: <Շիրակ> պատնթեոնում ծաղիկներ խոնարհելուց հետո Գյումրու դրամատիկականի դեմում փոքրիկ ներկայացում էր, որի սցենարիստն ու ռեժիսորը, ինքը՝ Տիգրանն էր: Նրա կյանքն էր, մտքերն ու էությունը, խոսքերը... <Դուք ապրեք, որ ես էլ ապրիմ>:
<Արտ> ընկերության նախագահ Արտյոմ Թումանյանը Տիգրանը մորը՝ Գոհար Աբգարյանին փոխանցեց Հայաստանի, ՌԴ, Եվրոպայի և ԱՄՆ հայ մայրերի միության կողմից շնորհված <Երախտագիտության 30-ամյա> ոսկե մեդալով:
<Արծիվ 30> Արարատ մահապարտների կողմից հետմահու պարգևատրվեց Տիգրան Աբգարյանը, ինչպես նաև <Արամո> հուշամեդալով՝ Հայոց ազգային բանակում ռազմական հասարակական կազմակերպության գնդապետ Արամո Թորգոմյանի կողմից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: