Հայերեն   English   Русский  

Արամ Ավագյան. «Պրոֆեսիոնալ և սիրողական բռնցքամարտում մեծ քայլեր կատարելով առաջ ենք շարժվում»


  
դիտումներ: 1243

Պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող հայ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը սեպտեմբերին Մոսկվայում WBC Internationl Silver գոտին պաշտպանելու համար մենամարտեց Եվգենի Սմիրնովի հետ: 10-ռաունդանոց դիտարժան պայքարում մրցավարների որշմամբ հանդիպումն ավրատվեց ոչ-ոքի, որի արդյունքում Արամը պաշտպանեց չեմպիոնական գոտին:

«Անկախի» հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով և խոսում առաջիկա ծրագրերի մասին:

-Յուրաքանչյուր մենամարտիս պատրաստվում եմ մաքսիմալ լավ և առավելագույն ուժեր ներդնելով: Ով էլ լինի մրցակիցս` ուժեղ կամ ավելի թույլ, էական չէ: Պատասխանատվության զգացումն ինձ համար ամեն ինչից վեր է: Տվյալ դեպքում ավելի մեծ էր այն առումով, քանի որ պետք է նվաճած գոտին պաշտպանեի:

Սմիրնովի հետ մենամարտն իսկապես դիտարժան ստացվեց: Ռաունդների ընթացքում առավելությունը փոփոխաաբար կշեռքի նժարի պես թե՛ իմ կողմն էր, թե՛ նրա: Վերջին 2 ռաունդներում կարողացա մրցակցիս հունից հանել և ճնշել` ցույց տալով իմ առավելությունը:

-Որևէ նվաճման հասնելը բարդ է, իսկ այն պահելն` առավել դժվար: Լարվածություն, հուզմունք եղե՞լ են նախապատրաստվելիս և ռինգում:

-Արտասովոր ոչինչ չեմ զգացել: Բնական է` մենամարտից առաջ մարզիկը փորձում է ավելի կենտրոնանալ, զգոն լինել, որովհետև սա բռնցքամարտ է, և ամեն մի հարված կարող է տապալել անգամ անպարտելի մարզիկին: Ամեն դեպքում յուրաքանչյուր մենամարտից առաջ հարկավոր է կենտրոնանալ` ոչ մի վրիպում թույլ չտալու համար: Ես միշտ փորձում եմ առավելագույնս կենտրոնանալ: Ինձ օգնում են մարզիչս, պրոմոտորներս, գործընկերներս, որոնք մշտապոս կողքիս են:

-Արդեն իսկ կան խոսակցություններ, որ առաջիկայում կայանալու է Ձեր և Սմիրնովի երկրորդ մենամարտը:

-Մենամարտը մրցավարների որոշմամբ ոչ-ոքի ավարտվեց: Նշեմ` թե՛ մենք, թե՛ նրանք համաձայն չէին մրցավարների որոշման հետ: Մենամարրտի վերաբերյալ մեկնաբանույթուններում նկատել եմ, որ շատերն անհամբերությամբ սպասում և անգամ պահանջում են, որ կայանա 2-րդ մենամարտը, քանի որ բոլորը տպավորված էին ու ոգևորված:

Արամ Ավագյան

Առաջիկա մենամարտի մասին դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել: Չգիտեմ բանակցությունները ո՞ր փուլում են ինչպե՞ս են ընթանում, ես տեղեկություն չունեմ: Յուրաքանչյուր հարցով զբաղվում է «Punch Boxing» պրոմոտորական ընկերության հիմնադիր Արամ Դավթյանը: Հստակ ինֆորմացիա ունենալու դեպքում հանրությունն անմիջապես կտեղեկանա:

-Նախատեսվում է, որ հաջորդ մենամարտն անցկացնելու եք հայրենիքում: «Punch Boxing promotion»-ն աննախադեպ բռնցքմարտի երեկո է կազմակերպելու Հայաստանում:

- Միանշանակ այդ փաստն ուրախացնում է և ոգևորում, քանի որ հանդես ես գալու հայրենիքում, հարազատ միջավայրում, ժողովրդիդ առաջ: Տան պատերն ավելի են ուժ տալիս և օգնում, սակայն, միևնույն ժամանակ նշեմ, որ դա կարող է ինչ-որ տեղ լարվածություն ստեղծել: Մարզիկից շատ բան է կախված: Ռինգում չպետք է լսելի լինեն հանդիսատեսի, հատկապես հակառակորդի անկյան արձագանքներն, գոռում-գոչյունները: Երբ մարզիկը ռինգում է, նա պետք է լսի միայն ու միայն իր անկյունում կանգնած անձնավորությանը՝ մարզչին: Այդ ժամանակ էական չէ, թե որտեղ ես հանդես գալիս:

-Ուրախալի է, որ մարզասերներին, հատկապես մարզաձևի երկրպագուներին հնարավորություն կընձեռվի հետևել հայ մարզիկների ելույթներին:

-Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի և «Punch Boxing promotion»-ի տնօրեն Արամ Դավթյանի համատեղ աշխատանքի շնորհիվ է, որ այսօր պրոֆեսիոնալ և սիրողական բռնցքամարտում մեծ քայլեր կատարելով առաջ ենք շարժվում: Երբևէ նման պայմաններ չեն եղել, որ Հայաստանում ապրող մարզիկը կարողանա պարապել այստեղ ու պրոֆեսիոնալ ասպարեզում ներկայացնի Հայաստանը և ոչ թե մեկ այլ երկիր: Ես կարծում եմ սա դեռ սկիզբն է: Շուտով մենք հնարավորություն կունենանք մեր դրոշի ներքո ուրախացնել մարզասերներին աշխարհի չեմպիոնի կոչումով: Բռնցքամարտը թիմային մարզաձև չէ, սակայն մեզ մոտ առկա է թիմային աշխատանք ու միասնականություն, ինչի համար ես շնորհակալ եմ մեր թիմի յուրաքանչյուր անդամին կատարած աշխատանքի համար:

-Ձեր հարցազրույցներից մեկում նշում եք, որ օլիմպիական ռինգում անավարտ թողած նպատակ ունեք: Նախատեսու՞մ եք վերադառնալ սիրողական բռնցքամարտ:

- Օլիմպիական խաղերն ինձ համար նպատակ են եղել: Այդ ռինգում անավարտ մնացած գործ ունեմ, որը պետք է ավարտին հասցնեմ: Հույս ունեմ, որ Դավիթ Թորոսյանի, Արթուր Գևորգյանի, Արամ Դավթյանի ընդհանուր որոշմամբ կվերադառնամ ու իմ երկրի համար կփորձեմ նվաճել օլիմպիական ուղեգիր և, ինչու չէ, օլիմպիական մեդալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: