Հայերեն   English   Русский  

Վերջին օրերի չորս զոհերը վկայում են, որ երկիրը գտնվում է պատերազմի մեջ, սակայն նրանք բոլորովին անտեսելով այդ փաստը, շարունակում են ՛՛հաղթել՛՛ իրենց համաքաղաքացիներին․․․ Արմեն Հարությունյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 465

Ես զետեղեցի այս տարվա մայիսի տասին գրված իմ ստատուսը, որպեսզի պարզ դառնա, որ ոչ մի նախատրամադրվածություն չի եղել ոչ մեկի մեջ,

և մասնակցելով իշխանափոխությանը՝ բոլորն էլ իսկապես ցանկացել են երկիրը տեսնել ավելի հզոր ու բարեկեցիկ․․․ Այդ գրառման մեջ նշվել էր, որ ժամանակը հստակ ցույց կտա և նախկին, և ներկա իշխանությունների իրական դեմքերն ու նպատակները․․․ Այսօր դա տեսանելի է ցանկացած աչք ունեցողի համար։ Երկուսն էլ տարված են ընդամենը միակ խնդրով, քանզի այլ խնդիր գոյություն չունի նրանց համար և այդ խնդիրը իշխանությունն է։

Պատմությունը կրկնվում է, և ներկա արտառոց ու հակապետական իրադարձությունները, մեղմ ասած, տհաճ հիշողություններ են արթնացնում նրանց մեջ, ովքեր ականատես են եղել քսանյոթ տարի առաջ տեղի ունեցած դեպքերին, որոնք կարծես պատճենահանվել են և տեղափոխվել մեր օրերը․․․ Այն ժամանակ էլ փողոցում հավաքված մարդկանց ուղղորդելով՝ իշխանության եկան մարդիկ, որոնք մի քանի տարվա ընթացքում հզոր արդյունաբերությամբ երկիրը վերածեցին աղքատ ու աննշան կիսաֆեոդալական իշխանապետության․․․ Ընդ որում, այն ժամանակ նոր իշխանությունները իրենց քաղցը հագեցրին երկրի արդյունաբերությունը չնչին գներով ծախելով մեր հարևաններին, այսօր չկա այդ հարստությունը՝ նրանց ձեռքի տակ միայն պետության բյուջեն է․․․ Ես հեռու եմ այն կարծիքից, թե հնարավոր է ազդել մարդկանց վրա տրամաբանական փաստարկումներով։ Այն, ինչ կատարվում է այսօր, հակառակն է բացահայտում․․․ Վերջին օրերի չորս զոհերը վկայում են, որ երկիրը գտնվում է պատերազմի մեջ, սակայն նրանք բոլորովին անտեսելով այդ փաստը, շարունակում են ՛՛հաղթել՛՛ իրենց համաքաղաքացիներին․․․ Մնում է պարզապես հանգիստ թողնել այդ մարդկանց՝ վերջիվերջո իրենք են իրենց հախուռն գործողություններով ձևավորում հանգամանքներ, որոնք էլ ուղղորդելու են ինչպես իրենց, այնպես էլ պետության ճակատագիրը, քանզի որքան ավելի բարձր են հնչում ողջամտության կոչերը, այնքան ավելի գոռոզ ու սնապարծ կեցվածք են ընդունում նրանք․․․





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: