Հայերեն   English   Русский  

​Սիրիա. ռազմական գործողությունների ժամանակավոր հետաձգո՞ւմ, թե՞ քաղաքական կարգավորման հնարավորություն


  
դիտումներ: 2603

Սիրիայի Իդլիբ նահանգում ռազմական գործողություններ, գոնե առաջիկա կարճ ժամանակահատվածում, տեղի չեն ունենա: Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իդլիբի ազատագրման գործընթացն անորոշ ժամանակով հետաձգվել է: Նախատեսվում է, որ նաhանգում շուրջ 15-20 կմ լայնությամբ ապառազմականացված գոտի կստեղծվի, և մինչ այդ աշխատանքները ավարտին կհասցվեն, ընդդիմադիր խմբավորումները տարածքից դուրս կբերեն իրենց ծանր զրահատեխնիկան:

Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո:

Մինչդեռ ընդամենն օրեր առաջ` սեպտեմբերի 7-ին, Թեհրանում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը Իդլիբի խնդրի լուծման տարբերակ էին համարել ռազմական ուղին. նահանգն ընդդիմադիր խմբավորումների վերջին հենակետն է Սիրիայում:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը, «Անկախի» հետ զրույցում մեկնաբանելով ռազմական գործողությունների անժամկետ հետաձգումը, ասում է, որ Ռուսաստանին և Թուրքիային հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ:

«Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որը պետք է հաշվի առնել` այն է, որ խնդրի կարգավորման նման եղանակին կողմ էր հատկապես Թուրքիան: Այսինքն՝ ներկա լուծումը փաստացի Թուրքիայի կողմից ինչ-որ զիջումների արդյունքում է ձեռք բերվել: Իսկ թե ինչպիսի զիջումների` հիմա դժվար է ասել: Հետագա գործընթացներում պարզ կդառնա, թե Թուրքիան ինչ է զիջել ռազմական ճանապարհով հարցը չլուծելու դիմաց»,- ասում է Պետրոսյանը:

Մասնագետը շեշտում է, որ սիրիական հակամարտության 7 տարիների ընթացքում այստեղ են տեղակայվել տարաբնույթ ռազմական խմբավորումներ: Ռազմական գործողությունների պարագայում նրանք նահանջի երկու տարբերակ ունեն. կա՛մ հանձնվել սիրիական կառավարությանը, կա՛մ տեղափոխվել Թուրքիայի տարածք: «Ինչպես տեսնում ենք, թուրքական կառավարությունը պատրաստ չէ ընդունել այս խմբավորումները, օբյեկտիվորեն պատրաստ չէ, քանի որ բավականին բարդ է լինելու նրանց գործունեությունը վերահսկելը: Իսկ ընդունելով այդ խմբավորումները` Թուրքիայի իշխանությունները փաստացի իրենց համար անվտանգության բավական լուրջ խնդիր կստեղծեն ի դեմս ահաբեկչական խմբավորումների»,- ասում է նա:

Արաբագետի խոսքով, սակայն, ձեռք բերված համաձայնությունը խնդրի ժամանակավոր լուծում է, քանի որ չկան բավարար երաշխիքներ, որ քաղաքական ճանապարհով հնարավոր է հանգուցալուծել Իդլիբի հարցը:

«Կարծում եմ, որ սա միջանկյալ լուծում է և չի բացառվում, որ դրա անհաջողությունից հետո կրկին կվերադառնան խնդրի հանգուցալուծման ռազմական ճանապարհին,- ասում է Պետրոսյանը:- Ինչո՞ւ եմ այդպես կարծում, որովհետև Իդլիբի խնդիրը բավականին բարդ է: Այնտեղ սիրիական հակամարտության տարբեր շրջափուլերում հավաքվել ու կենտրոնացել են սիրիական ընդդիմության տարաբնույթ խմբավորումներ, որոնք տարբեր են և՛ իրենց գաղափարական ուղղվածությամբ, և՛ նպատակներով, և՛ գործելաոճով»:

Իդլիբ

Որպես խնդրի քաղաքական ճանապարհով հանգուցալուծումը խոչընդոտող հանգամանք Պետրոսյանը մատնանշում է այն, որ Թուրքիան լիակատար ազդեցություն չունի Իդլիբում գործող բոլոր խմբավորումների վրա: Գործոն է նաև այն, որ այդտեղ կենտրոնացած են տարբեր գաղափարական ուղղվածության խմբավորումներ, որոնք որևէ կերպ պատրաստ չեն զիջել իրենց դիրքերը: «Այսինքն` սիրիական հակամարտության ողջ ընթացքում նրանք տարբեր եղանակներով և տարբեր կորուստների գնով օգտագործել են իրենց ռեսուրսները Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ: Եվ ներկայումս փոքր-ինչ դժվար է կանխատեսել, որ իրենց դիրքերը կզիջեն և կհանձնվեն վարչակարգին»,- ասում է նա:

Պետրոսյանի կարծիքով` միջանկյալ ժամանակահատվածը, որ ձեռք բերվեց Սոչիի պայմանավորվածությունների արդյունքում, կողմերից յուրաքանչյուրն օգտագործելու է իր դիրքերն ամրապնդելու և առաջիկա ռազմական գործողություններին նախապատրաստվելու համար:

Անդրադառնալով այն հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Իդլիբի տարածքում իրականացվող հակաահաբեկչական գործողություններին, Պետրոսյանը նշում է, որ անգամ թիրախավորված գործողություններն այդ տարածքում խնդրահարույց են լինելու:

«Այդտեղ տեղակայված են մոտավորապես հինգ տասնյակ ռազմական տարաբնույթ խմբավորումներ 40-50 հազար զինյալներով, իսկ նահանգի բնակչությունը վերջին 6-7 տարիների ընթացքում կրկնապատկվել է` հասնելով մոտ 3 մլն-ի: Այսինքն՝ տարածքը բավականին խիտ է բնակեցված»,- ասում է Պետրոսյանը` հավելելով, որ որքան էլ նպատակահարմար է խնդրի քաղաքական ճանապարհով կարգավորումը, նման զարգացման հավանականությունը փոքր է:

Երբ ընթանում էին Իդլիբում սպասվող ռազմական գործողությունների նախապատրաստությունները, արևմտյան փորձագետները կանխատեսում էին, որ այն կդառնա վերջին լայնամասշտաբ ռազմական գործողությունը, որից հետո սիրիական հակամարտությունը կթևակոխի լուծման այլ փուլ: Հարցին, թե ռազմական գործողությունների չեղարկումն արդյոք չի նշանակում, որ խնդիրն առանց վերջին ռազմական գործողության թևակոխեց լուծման նոր փուլ, Պետրոսյանը ժխտական պատասխան է տալիս. «Ասադը և նրա արտաքին հովանավորներն իրենց առջև խնդիր են դրել, որ Սիրիայի ողջ տարածքը պետք է վերադարձվի Բաշար ալ Ասադի և նրա վարչակարգի վերահսկողությանը: Քանի չի լուծվել այս խնդիրը, խոսել, որ սիրիական հակամարտությունը որակապես նոր փուլ կթևակոխի, դեռ վաղ է»:

Այդուհանդերձ, Պետրոսյանը համամիտ է, որ Իդլիբի ճակատամարտը լինելու է վերջին խոշորամասշտաբ ռազմական գործողությունը:

Իդլիբ

Նշենք, որ ռազմական գործողությունները չեղարկելու որոշումը ողջունել են մի շարք երկրներ, որոնք դեմ էին արտահայտվում խնդրի ռազմական ճանապարհով լուծմանը` պնդելով, որ ռազմական գործողությունները հումանիտար աղետ կառաջացնեն:

Այսպես` Գերմանիայի ԱԳ նախարարը, դրական գնահատելով հումանիտար աղետից խուսափելուն միտված լուծումը, հայտարարել է, որ հարկավոր է պայմանավորվածությունները կյանքի կոչել:

Ապառազմականացված գոտի ստեղծելու որոշումը ողջունել են նաև Ֆրանսիայում` հայտարարելով, որ այդքանը բավարար չէ, հարկավոր է նաև խնդրի քաղաքական հանգուցալուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Որոշումը դրական են գնահատել նաև Սիրիայի կառավարական և ընդդիմադիր ուժերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: