Աբրահամ Ռուսսոն իր առևանգման մեջ մեղադրել է ծագումով Ադրբեջանից գործարար Թելման Իսմաիլովին
Աբրահամ Ռուսսոն Ռուսաստանի իրավապահ մարմիններին դիմում է գրել այն մասին, որ 2004 թ-ին իրեն առևանգել և ծեծի են ենթարկել գործարար Թելման Իսմաիլովի հրամանով: Այս մասին գրում է «Կոմմերսանտ» թերթը՝ անանուն աղբյուրին հղում կատարելով, հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը:
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն սեպտեմբերի 17-ին քրեական գործ է հարուցել Ռուսսոյի առևանգման և ծեծի ենթարկման փաստի առնչությամբ: Նույն օրը ձերբակալել են կասկածյալներից մեկին՝ «Պրահա» ռեստորանի նախկին գլխավոր տնօրեն Զաուր Մարդանովին, ով Իսմաիլովի զարմիկն է:
Հետաքննության համաձայն՝ Իսմաիլովը կարող է կազմակերպած լինել Ռուսսոյի առևանգումը, որպեսզի վերջինս չեղյալ հայտարարեր իր բոլոր համերգները և ելույթ ունենար միայն գործարարի և նրա հյուրերի համար: Առևանգման համար Իսմաիլովը ներգրավել է Մարդանովին, վերջինս էլ՝ իր շրջապատից ևս հինգ անձանց:
Գործում նշված է, որ 2004 թ-ի հունվարի 31-ին «Չերկեզովսկի» շուկայի՝ այդ ժամանակվա սեփականատեր Իսմաիլովը երգչին ընթրիքի է հրավիրել իրեն պատկանող «Պրահա» ռեստորան: Ռուսսոյին իր աշխատանքային սենյակ հրավիրելով՝ Թելման Իսմաիլովը Զաուր Մարդանովի և նրա օգնականների հետ միասին երգչից խլել է բջջային հեռախոսը, այնուհետև ծեծել նրան՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով գլխին, իրանին և վերջույթներին ու առողջությանը թեթև վնաս պատճառելով:
Դրանից հետո Թելման Իսմաիլովը երգչից պահանջել է չեղարկել բոլոր համերգները, իր հետ պայմանագիր կնքել և հետագայում հանդես գալ միայն Իսմաիլովի ու իր հյուրերի համար: Այն բանից հետո, ինչ փետրվարի 1-ի երեկոյան Ռուսսոն համաձայնվել է կատարել բոլոր պահանջները, Թելման Իսմաիլովը հանձնարարել է բաց թողնել նրան:
Թելման Իսմաիլովի շահերը ներկայացնող փաստաբան Մարինա Ռուսակովան իր պաշտպանյալի հասցեին ուղղված բոլոր կասկածներն անվանել է «անօրինական, շինծու և անհեթեթ»:
Թելման Իսմաիլովի դեմ ավելի վաղ ևս լուրջ մեղադրանքներ են ներկայացվել: 2017 թ-ին նա մեղադրվել է կրկնակի սպանության և զենքի ապօրինի շրջանառության մեջ: Իսմաիլովը հեռացել է Ռուսաստանից և հեռակա ձերբակալվել է 2016 թ-ին գործարարներ Վլադիմիր Սավկինի և Յուրի Բրիլովի սպանության կազմակերպման գործի շրջանակներում: Իսմաիլովն իր մեղքը չի ընդունել: