Հայերեն   English   Русский  

​Վահան Չերազ․ որբերի մարմնի, մտքի և ոգու կերտողը


  
դիտումներ: 4618

Գյումրին արդեն նոր դեմք ունի։ Քաղաքի կենտրոնական հրապարակում օրեր առաջ բացվեց մի յուրահատուկ արձան։

Երիտասարդ, ամրակազմ, ճկուն կերպար է, պաթոսից դուրս, ազատ ու համարձակ։ Վահան Չերազն է, որ այսուհետ ոչ միայն իր անվամբ է մեկընդմիշտ շաղկապված Գյումրիին, այլև իր ներկայությամբ։

Վահան Չերազի արձան

Ո՞վ է Վահան Չերազը։ Նրա մասին գրում են՝ հայտնի մարզիկ, մանկավարժ, Հայաստանում սկաուտական շարժման ռահվիրա, հասարակական-քաղաքական գործիչ։ Նրա կենսագրության ամենակարևոր և ուշագրավ հատվածը Ալեքսանդրապոլում (Գյումրի) 1920-1927 թթ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբերի հավաքագրումն ու խնամակալությունն է, նրանց շարքերում սկաուտական ու մարզական խմբեր հիմնելը, նրանց հոգեբանական ու բարոյական ճգնաժամից հանելն ու նոր կյանք պարգևելը։ Ցավոք, Չերազի 41-ամյա կենսագրությունն ավարտվում է ցավոտ փաստերով՝ ձերբակալություն, աքսոր, գնդակահարություն:

Ֆուտբոլի թիմի առաջատար խաղացողն ու Անդրանիկի զինվորը

Վահան Չերազը ծնվել է 1886 թվականին, Կոստանդնուպոլսում։ Սովորել է Պոլսի, Փարիզի, Լոնդոնի ուսումնական հաստատություններում։

Վահան Չերազը արևմտահայ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր և գրող Մինաս Չերազի եղբորորդին, իսկ հայրը՝ Գասպար Չերազը, Պոլսում հայտնի իրավաբան է եղել։ Մինաս Չերազը, չունենալով ժառանգներ, Վահանին է ուղղել իր ողջ ուշադրությունը՝ լուրջ դերակատարում ունենալով նրա կրթության ու դաստիարակության գործում։

Երբ Մինաս Չերազին նշանակում են արևմտահայության հարցերի ներկայացուցիչ Լոնդոնում, նա իր հետ տանում է նաև Վահանին, որը կրթություն է ստանում Լոնդոնում։ Այդ տարիներին Անգլիայում մեծ թափ էր առնում մարզական շարժումը, որ ի վերջո վերածվում է սկաուտական շարժման։ Վահան Չերազն այդ ամենի մեջ էր մեծանում՝ դառնալով այդ գաղափարների կրողը։ 1908 թ․, երբ Վահան Չերազը հորեղբոր հետ վերադառնում է Պոլիս, ընդունվում է Կեդրոնական վարժարան։

Վահան Չերազ,տորք ֆուտբոլային թիմ

1908 թ. իր համախոհներով Պոլսում ստեղծում է հանրահայտ «Տորք» հայկական մարզական ակումբը, որտեղ նա ֆուտբոլի թիմի առաջատար խաղացողն էր: 1912-ին «Տորք» մարզական ակումբը Պոլսում կազմակերպում էր նաև լողի, թենիսի ու հեծանվավազքի մրցումներ: 1913-14 թթ. Չերազը կրթությունը շարունակում է Մարսելի ծովագնացության բարձրագույն դպրոցում։ Նա տիրապետում էր 4 օտար լեզվի՝ անգլերեն, ֆրանսերեն, հունարեն և թուրքերեն։

Երբ սկսվում է Առաջին աշխարհամարտը, Վահան Չերազը գալիս է Հայաստան, ընդգրկվում Զորավար Անդրանիկի կամավորական ջոկատում և մինչև 1919 թվականը նրա հրամանատարությամբ մասնակցում մարտերին:

Անդրանիկի ջոկատի կազմալուծումից հետո կրկին մեկնում է

Վահան Չերազ

Պոլիս, ապա Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության, մասնավորապես՝ կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով 1920 թ. վերադառնում է Հայաստան՝ ամրացնելու երկրում մարզական կյանքի հիմքերը, ձևավորելու նորաստեղծ հայկական սպորտն ու սկաուտական շարժումը։

Վահան Չերազն ու Ալեքսանդրապոլի որբերը

Այն, ինչ արել է Չերազը 1920-27 թթ. Գյումրիում, դժվար է մեկ հոդվածով ներկայացնել։ Գիտնականների համար դա ուսումնասիրման հետաքրքիր թեմա է, գյումրեցիների համար՝ դրվատանքի ու պարծանքի առիթ, Հայաստանի ու հայ ժողովրդի համար՝ անգնահատելի գործ, մարդկության համար՝ հումանիզմի օրինակ։

Վահան Չերազի կերպարն այսօր այսքան հասանելի ու գնահատված չէր լինի, եթե դեռևս 70-ականների վերջերից սկսած՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի սպորտային մանկավարժության ամբիոնի նախկին վարիչ, դասախոս, պրոֆեսոր Ռաֆիկ Պապոյանը չսկսեր բացահայտել նրան։

Լինելով ֆիզիկական կուլտուրայի մասնագետ և գյումրեցի՝ նա չէր կարող չհետաքրքրվել Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի հիմնադրման և այդ հիմքերը կերտողների պատմությամբ։ 1991 թ․ հրատարակված «Սկաուտական շարժման մուտքը Հայաստան» և 2002 թ․ հրատարակված «Ֆիզիկական կուլտուրան Հայաստանում 1918-1924 թթ․» գրքերում Պապոյանն ի մի է բերել իր երկար տարիների ուսումնասիրությունները ոչ միայն Հայաստանում սկաուտական շարժման պատմության, այլև հենց Չերազի կյանքի և գործունեության վերաբերյալ։

Պապոյանի խոսքով՝ 1920 թ. Աղբալյանը Հայաստանում մարզակայն կյանքի հիմքերը դնելու համար Հայաստան է հրավիրում 3 մասնագետի՝ Վահան Չերազին, Տիգրան Խոյյանին և Օնիկ Յազմաճյանին։ Սակայն խորհրդային կարգերի հաստատումից հետո վերջին երկուսը հեռանում են Հայաստանից, ինչպես և մտավորականության մի զգալի մասը։ Չերազը մնում է` ասելով․ «Ժամանակին ես ուզում էի Եգիպտոս գնալ և բուրգերը տեսնել, բայց Մասիսները տեսնելուց հետո ոչ մի տեղ այլևս չեմ գնա իմ հայրենիքից»։

Գալով Հայաստան՝ Չերազը նախ ուսումնասիրում է երկիրը, լինում բոլոր կողմերում և արձանագրում՝ Հայաստանի մարզական կենտրոնը պետք է լինի Ալեքսանդրապոլում։ Դրա համար մի քանի հիմնավորում կար: Նախ՝ Գյումրին երկաթուղային խաչմերուկ էր, բացի այդ, բնակլիմայական պայմաններն ավելի լավն էին, քան Երևանում, մարզական մշակույթ քաղաքում արդեն իսկ ձևավորված էր և այլն։ Բայց ամենակարևոր պատճառը, որ Չերազն ուզում էր մարզական կենտրոնը հիմնել Գյուրիում, Ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր որբերն էին։

«Գիտենք, որ Ալեքսանդրապոլում էին կենտրոնացած Ցեղասպանությունից հետո հիմնադրված բոլոր որբանոցները, այդ պատճառով քաղաքն այդ տարիներին անվանում էին որբերի քաղաք։ Շուրջ 25 հազար որբ կար»,- ասում է Պապոյանը։

Վահան Չերազ

Արդեն խորհրդային կարգերի օրոք Վահան Չերազն աշխատանքի է ընդունվում Ալեքսանդրապոլի Ամերիկյան օգնության կոմիտեում (Ամերկոմ), որը համակարգում էր որբանոցների աշխատանքը։

Ռաֆիկ Պապոյանի ձեռքի տակ կա ամերիկյան որբանոցներից մեկի տնօրենի նամակը իր վերադասին, որտեղ նկարագրվում է որբանոցների ու որբերի վիճակը։ Նամակում ասվում է, որ երեխաները սննդի ու հագուստի կարիք չունեն, բայց համատարած անտարբերության, բարոյական ու հոգեբանական ճգնաժամի մեջ են, քանի որ մեծ ողբերգություն են ապրել։

Որբերը ողջ օրը մատնված էին անգործության։ Նրանք սնվում էին ու պարզապես ոչինչ չէին անում։ Չերազը հասկանում էր, որ երեխաներին պետք է օր առաջ այդ վիճակից հանել։ Եվ նա անցնում է գործի։

«Ստեղծում է մարզական, կրթական խմբակներ։ Անձամբ ինքը «Կազաչի պոստի» որբանոցում էր ողջ օրը։ Առավոտյան շեփորականչի հետ որբանոցն արթնանում էր։ Կարգուկանոն և օրվա խիստ ռեժիմ էր սահմանել։ Ամբողջ օրը երեխաները զբաղվում էին։ Նա առաջ էր քաշում այն գաղափարը, որ բարոյական կերպար կերտելու համար պետք է կրթել մարմինը, միտքն ու ոգին։ Այդպես էլ անում էր»,- ասում է Պապոյանը։

Ընդամենը երկու ամիս անց որբանոցներում կյանքը լրիվ փոխվել էր։ Ավելին, որբանոցներն ասես օազիսներ լինեին քաղաքի միապաղաղ ու դժգույն առօրյայի մեջ։

Բացի մարզական խմբերից, Չերազը հիմնում է նաև գրական խմբակներ, որոնց անդամներից էին ապագա նշանավոր գրողներ Գուրգեն Մահարին, Խաչիկ Դաշտենցը, Ալազանը, Սողոմոն Տարոնցին, Վահան Թոթովենցը, Մկրտիչ Արմենը և ուրիշներ։ Չերազի հիմնած թատերական խմբակում ներգրավված էին ապագա թատերական գործիչներ Վարդան Աճեմյանը, Արմեն Արմենյանը, Ժան Էլոյանը, Կարո Արծրունին և ուրիշներ։ Իսկ ֆուտբոլային թիմը, որ դարձյալ Չերազն էր հիմնել, հետագայում դառնում է հայկական ֆուտբոլի զարգացման հիմնասյունը։ «Արարատ 73»-ի առանցքային հինգ ֆուտբոլիստների մարզիչները Չերազի աշակերտներն էին։ Այս ամենից բացի, նա որբերին նաև ջրացատկ ու լող էր ուսուցանում։ Մի խոսքով, առավոտից երեկո Չերազը որբերի հետ էր, նրանց համար ոչ միայն ուսուցիչ էր, այլև ընկեր, եղբայր ու ծնող։ Չերազը նաև դասընթացներ էր կազմակերպում որբանոցների ավագ երեխաների համար, նրանց կրթում էր, փոխանցում իր գիտելիքները, որպեսզի վերջիններս իր գործի տարածողներն ու շարունակողները դառնան։

Վատ օրերի սկիզբը

1923 թվականին մի ուշագրավ միջադեպ է տեղի ունենում, որը նախանշում էր Չերազի նկատմամբ խորհրդային պետական ապարատի հետապնդումները։ Միջադեպի մասին Ռաֆիկ Պապոյանին պատմել են Չերազի որբերից մի քանիսը։

«Մի օր գալիս, Չերազին տանում են ՉԵԿԱ-ի գրասենյակ։ Հաշված ժամեր անց Չերազին տանելու լուրը տարածվում է Գյումրիի բոլոր որբանոցներում, և հազարավոր որբեր ինքնակազմակերպվում են, դուրս գալիս փողոց և բողոքի մեծ ալիք բարձրացնում՝ շրջափակելով ՉԵԿԱ-ի շենքը և պահանջելով անհապաղ ազատ արձակել իրենց ուսուցչին։ Չերազին նույն օրը բաց են թողնում, իսկ նրա սաները ձեռքերի վրա նրան տանում են որբանոց»։

1924 թ. խորհրդային կառավարությունը ամերիկացիներին ստիպում է որբանոցները հանձնել պետությանը և հեռանալ երկրից։ Ամերիկացիները հեռանում են՝ առաջարկելով Չերազին միանալ իրենց և նրան՝ իբրև պրոֆեսիոնալի խոստանում են Միացյալ Նահանգներում բարձր պաշտոններ ու աշխատավարձ։ Չերազը մերժում է․ «Եթե անգամ օրերից մի օր մարմինս թաղվի ամերիկյան հողում, հոգիս էստեղ կմնա»,- ասում է նա։

Խորհրդային կառավարությունը շուտով Չերազին ազատում է աշխատանքից։ Անգամ մի քանի լեզուների իմացությունը չի օգնում, որ նրան որևէ տեղ երկարաժամկետ աշխատանքի ընդունեին։ Քաղաքական որոշում էր։ Այդ տարիներին նա գոյատևում է դրսում ապրող ընկերների ու բարեկամների նյութական աջակցությամբ։

1924 թվականի վերջին Վահան Չերազին աքսորում են Սիբիր՝ անհիմն մեղադրելով լրտեսության մեջ հօգուտ ԱՄՆ-ի ու Անգլիայի։ 6 ամիս անց, շնորհիվ պետական ատյաններում աշխատող իր նախկին ազդեցիկ աշակերտների, ազատ է արձակվում, վերադառնում Գյումրի՝ շարունակելով որբերի դաստիարակությունը։

Այդ ընթացքում նա ամուսնանում է։ 1927 թվականին կրկին ձերբակալվում է նույն անհեթեթ մեղադրանքով և գնդակահարվում: Տեղեկություններ կան, որ Թիֆլիսում Բերիան անձամբ է նրան սպանել։

Չերազի փոքրիկ ընձյուղը

Բյուրակն Անդրեասյան

«Երբ փոքր էի, տանն անընդհատ ինչ-որ բանի մասին էին փսփսում,- պատմում է Չերազի միակ դուստրը՝ Բյուրակն Անդրեասյանը,- երբ մի քիչ մեծացա, իմացա, որ հորս անունը Վահան Չերազ է եղել։ Ես նրան երբևէ չէի տեսել, մի քանի ամսական էի, երբ հորս սպանել են։ Բայց մեր տանը կային լուսանկարներ, որոնք գաղտնի էին պահում։ Կար նաև մեծացրած մի լուսանկարը սկաուտական հագուստով։ Այդ ժամանակ իմացա, թե ինչ է նշանակում սկաուտիզմ։ Հետո մեր տուն էին գալիս նրա սկաուտները, նրա որբերը, ու տատս նրանց համար հյուրասիրություն էր կազմակերպում։ Ինչքան մեծանում էի, այնքան ավելի էի հպարտանում, որ նման հայր ունեմ»։

1937 թվականին, երբ Բյուրակնը 10 տարեկան էր, մորը՝ Վարդանուշ Չերազին էլ են աքսորում ու գնդակահարում։ Բյուրակնին որդեգրում է մորեղբայրը՝ Վարդգես Անդրեասյանը և վախենալով հետապնդումներից՝ փոխում է աղջկա ազգանունը՝ դարձնելով Անդրեասյան։ «Գյումրիում Բյուրակն Չերազ էի, Երևանում դարձա Բյուրակն Անդրեասյան, բայց միշտ վիրավորված էի դրանից,- կսկիծով ասում է տիկին Բյուրակնը, որ հայրական ազգանունն այդպես էլ չի վերականգնել, բայց անունը պահել է՝ իր որդիներից մեկին կոչելով Վահան Չերազ։

Վերագնահատում

Վահան Չերազի անվան լսարան

2002 թ. Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկն անվանակոչվում է Վահան Չերազի անունով։ Մի քանի տարի անց այն տան պատին, որտեղ ապրել է Չերազը, փակցվում է հուշաքար։ 2014 թ. Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի լսարաններից մեկը անվանվում է Չերազի անունով և լսարանում տեղադրվում է նրա կիսանդրին: Այս ամենի մեջ, իհարկե, մեծ ներդրում ունի Ռաֆիկ Պապոյանը, որին կարելի է համարել ոչ միայն չերազագետ, այլև Չերազի մեծ երկրպագու։

2018 թվական, հուլիսի 23։ Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում Գյումրու Վահան Չերազի փողոցում հանդիսավոր, տարբեր երկրներից ժամանած շուրջ 1200 սկաուտների քայլերթով բացվեց Վահան Չերազի արձանը։

Արձանի հեղինակը ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Սամվել Պետրոսյանն է: 3 մետր 50 սմ բարձրությամբ արձանը կառուցված է բրոնզից ու բազալտից: Հեղինակը նշում է, որ արձանը քանդակել է Չերազի կենսագրությունն ու գործունեությունը խորությամբ ուսումնասիրելուց հետո և կերտել է նրան սկաուտական համազգեստով, խրոխտ ու դինամիկ կեցվածքով, ամուր կանգնած մայր հողին։

Վահան Չերազ

Տիկին Բյուրակնի համար այդ արձանի բացումը ևս մեկ խաղաղ շունչ է․ «Հայրս ու մայրս գերեզման չունեցան, բայց հուշարձան ունեցան»,- ասում է Չերազի դուստրը, որն իր հորը երբեք չի տեսել, իսկ մորը կորցրել է 11 տարեկանում, բայց նրանց ներկայությունն իր կյանքում զգացել է միշտ, մինչ օրս։

Պրոֆեսոր Ռաֆիկ Պապոյանի համար Չերազի գործի իսկական գնահատականը կլինի այն, որ չերազյան ժառանգությունը լրջորեն ուսումնասիրվի և կիրառվի․ «Նրա գաղափարները պիտի մտնեն դպրոց։ Դպրոցն այսօր մեռած է, մենք այս առումով լուրջ խնդիր ունենք, անգամ մասնագետներ չկան։ Ռազմական, ֆիզիկական, բարոյական դաստիարակությունը ներդաշնակորեն պետք է համակցվի մտավոր դաստիարակության հետ։ Միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ ֆիզկուլտուրայի և սպորտի պատմության մեջ անգնահատելի վաստակ ունեցող մարդը՝ Վահան Չերազը, իսկապես գնահատվեց»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: