Հայերեն   English   Русский  

​Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու


  
դիտումներ: 9855

Եվս մեկ կին է հավակնում ստանձնել մայրաքաղաքի կառավարման ղեկը:

Խոսքը ճարտարապետ, հասարակական գործիչ Անահիտ Թարխանյանի մասին է, որը կգլխավորի «Երևանի հանրություն» ընտրական դաշինքը: Դաշինքը դեռևս կազմավորման փուլում է, այս պահին ակտիվ քննարկումներ են ընթանում թե՛ քաղաքական, թե՛ հանրային շրջանակների հետ: Շեշտը, սակայն, դրվելու է հանրային սեկտորի վրա, և հենց դա է լինելու դաշինքի կառուցվածքային ու գաղափարական տարբերությունը մյուս ուժերից:

«Մենք ստեղծում ենք ընտրական դաշինք, որի ավագանու թեկնածուների ցուցակում ընդգրկվելու են հասարակական կազմակերպությունների և մասնագիտական միավորումների կողմից առաջադրված անձինք, որպեսզի ապագա ավագանին հանրությանը համախմբի և նրա կամքը դարձնի քաղաքի կառավարման հիմք»,-ասում է Անահիտ Թարխանյանը:

Այս պահին 6 կազմակերպություն է իր համաձայնությունը հայտնել դաշինքի ձևավորման և Անահիտ Թարխանյանի՝ ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորելու վերաբերյալ: Քաղաքապետի թեկնածուն հանդիպումներ է ունեցել բնապահպանական, մշակութային, գիտական ոլորտը ներկայացնող կազմակերպությունների և քաղաքական որոշ կուսակցությունների հետ: Որոշակի անուններ դեռ չեն հնչում, քանի որ բանակցություններն ու քննարկումներն ընթացքի մեջ են:

Անահիտ Թարխանյանի ամուսինը՝ Անդրիաս Ղուկասյանը, որը «Սարի թաղի» գործով շուրջ 2 տարի անազատության մեջ մնալուց հետո այս տարվա մայիսի 7-ին երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ է արձակվել, ակտիվորեն լծվել է դաշինքի ձևավորման աշխատանքներին: «Գործընթացը սկսել ենք ամսի 16-ից հետո, երբ բոլորիս համար անսպասելի ավարտվեց Երևանի ավագանու վերջին նիստը,- ասում է Ղուկասյանը,- մեր պատկերացմամբ՝ ՏԻՄ համակարգը պետք է անկախ լինի, բայց վերջերս նաև օրենսդրությամբ այն արհեստականորեն քաղաքականացվեց, և ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունները կամ կուսակցություններից ձևավորված դաշինքները: «Երևանի հանրություն» դաշինքի դեպքում նախաձեռնողը կլինեն կուսակցությունները, բայց մոդելը իր բովանդակությամբ կլինի հանրային և մեզ կվերադարձնի ՏԻՄ համակարգի տրամաբանությունը, որ դա հանրային կառավարում է, ոչ թե կուսակցական»:

Ղուկասյանն ասում է, որ նախաձեռնությունը քննարկելու են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ և առաջարկելու են այն որպես նոր մոտեցում և կոնցեպտ այս ընտրություններում: «Եթե ՔՊ-ն համաձայնի այս մոդելին և այս մոդելն աշխատի, դա մեծ քաղաքական հաջողություն կլինի բոլորիս համար»,- կարծում է նա:

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Երևանի ավագանին առ այսօր գլխավոր հարցերում իրական դերակատարություն չի ունեցել: «Մենք գտնում ենք, որ թավշյա հեղափոխության տրամաբանական շարունակությունն այնպիսի ավագանի ստեղծելն է, որը հանրությանը կհամախմբի, կլինի ժողովրդավար քաղաքային իշխանություն: Մեր կարծիքով՝ Երևանի ավագանին պետք է դառնա հարթակ, որտեղ լիարժեք ներկայացված կլինեն հասարակական ուժերը, և Երևանը չի դիտարկվի որպես իշխող ուժերին սպասարկող ինչ-որ ենթակառուցվածք: Ահա այս գաղափարով ենք մենք մասնակցելու ընտրություններին և այս մշակույթն ենք փորձելու մատուցել քաղաքական դաշտին»:

Այս փուլում «Երևանի հանրություն» ընտրական դաշինքի թիմը փորձում է շոշափել և հասկանալ հասարակական կազմակերպությունների տրամադրվածությունը: «Մենք տեսնում ենք, որ այն կազմակերպությունները, որոնց ներկայությունը Երևանի ավագանիում կարող է օգտակար լինել մեր հանրությանը, դրական են տրամադրված: Անահիտի թեկնածությունն այդ առումով միավորող է, որովհետև նա ընկալվում է որպես մասնագետ և հանրային-հասարակական գործիչ, որն ունի պորտֆոլիո, անցած ճանապարհ, որը բոլորը տեսել են, և իր անկողմնակալ, անաչառ մոտեցմանը ոչ ոք չի կասկածում»:

Ինչպե՞ս է պատկերացնում Երևանի կառավարումը ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: Ո՞ր հարցերն է նա համարում առաջնային և ինչպե՞ս է տեսնում դրանց լուծումները:

Երևանի քաղաքապետի դերում Անահիտ Թարխանյանը տեսնում է այն անձնին, որը կկարողանա իր շուրջը համախմբել մասնագետների և մասնագիտորեն կվերաբերվի քաղաքի ապագա զարգացմանը, նաև կհասկանա, հետևողականորեն կբարձրացնի և կլուծի բոլոր խնդիրները աշխարհում ընդունված ժամանակակից մոտեցումներով:

«Երևանն այսօր ունի բազմաթիվ խնդիրներ,- ասում է Թարխանյանը,- առաջնայինը կենտրոնի խնդիրներն են, գերհագեցվածությունը, որից բխում է սեյսմիկ անվտանգության խնդիրը, հրդեհային անվտանգության խնդիրը, մարդկանց, հատկապես երեխաների, մեծահասակների հանգիստը կազմակերպելու խնդիրը, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, կոյուղագծերի, աղբահանության խնդիրները, վերջապես տրանսպորտի խնդիրը: Այսօր աշխարհում ժամանակակից տեխնոլոգիաներ են ներդրված հասարակական տրանսպորտի համակարգի մեջ, իսկ մենք 40-50 տարի հետ ենք մնացել այդ լուծումներից: Կարևոր են տուրիստական հոսքերը, բայց մենք կորցնում ենք դա, որովհետև կորցնում ենք թամանյանական կենտրոնը, կորցնում ենք մեր ժամանակակից ճարտարապետությունը»:

Որպես ճարտարապետ՝ նա իր տեսլականն ունի նաև մայրաքաղաքի տարածքային զարգացման վերաբերյալ. «Երևան քաղաքի զարգացումը պետք է տեսնել դեպի այն շրջաններ, որտեղ բնակլիմայական պայմաններն ավելի լավն են, արևային օրերն ավելի շատ են, այսինքն՝ մենք պետք է մեր քաղաքը զարգացնենք դեպի Աբովյան, դեպի Եղվարդ, որը հնարավորություն կտա բեռնաթափել Երևանը, զրոյական տարածքներում կառուցել նոր, ժամանակակից մոտեցումներով շենքեր»:

Թարխանյանը գիտակցում է, թե ինչ մեծ բեռ ու պատասխանատվություն է Երևան քաղաքի ղեկավարումը ստանձնելը, բայց համոզված է, որ մասնագիտական հանրության համախմբման շնորհիվ հնարավոր կլինի հասնել հաջողության:

Անահիտ Թարխանյանը Հայաստանի ճարտարապետների միության վարչության անդամ է։ Նա անվանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն է։

Ավարտել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանը, որից հետո կրթությունը շարունակել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում, ապա Եվրոպայում։ Ճարտարապետական գործունեության ընթացքում մշակել է ավելի քան 100 նախագիծ՝ եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ, վարչական համալիրներ, հասարակական կենտրոններ, բանկեր, հյուրանոցներ, առևտրի կենտրոններ, սպորտային-մշակութային համալիրներ և այլն։

Շուրջ 5 տարի Անահիտ Թարխանյանը եղել է Հայ առաքելական եկեղեցու գլխավոր ճարտարապետը, որի ընթացքում ղեկավարել է 60 ճարտարապետաան ծրագրերի նախագծումն ու կառուցումը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

Անահիտ Թարխանյանը «Ա-3 ճարտարապետներ» ճարտարապետական ընկերության հիմնադիրն ու գլխավոր ճարտարապետն է։






Մեկնաբանություններ - 1

Anya Hakobyan     26.07.2018 vo4junym enk Dzer norovi ayi@ntrankayin araj@ntaci nkatarumov dzevavorvelik karuyci anhrajeshtutyun@, vor@ kxtani erkrum tirox amenato4utyunneri ardyunkum kusakcutyunneri menashnorhayin aratavor erevuyt@ .Patrastakam enk hamagorsakcelu ev masnakcelu Dzer hetaga gors@ntacneri n anmasn chmnalu npatakov.
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: